Հաքերները իսրայելական «Pegasus»-ի օգնությամբ կոտրել են Իսպանիայի վարչապետի հեռախոսը

Պեդրո Սանչես
Ցանցահենների թիրախում է հայտնվել նաև Իսպանիայի պաշտպանության նախարարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի և թագավորության պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսի հեռախոսները կոտրել են «Pegasus» լրտեսական ծրագրի օգնությամբ: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, դատարանների և պատմական հիշողության գործերի նախարար Ֆելիքս Բոլանյոսը նշել է, որ կառավարությունը դատական իշխանություններին տեղեկացրել է Գաղտնագրության ազգային կենտրոնի երկու տեխնիկական հաշվետվությունների մասին, որոնց համաձայն` կառավարության ղեկավարի և պաշտպանության նախարարի բջջային հեռախոսները «վարակվել» են «Pegasus» ծրագրով։ Այս գործիքը բջջային հեռախոսների հասանելիություն է տալիս հաքերներին։
«2021 թվականի մայիսին 2 անգամ ապօրինի թափանցել են վարչապետի բջջային հեռախոս, իսկ 2021 թվականի հունիսին՝ 1 անգամ պաշտպանության նախարարի բջջային հեռախոս։ Մենք վստահ ենք, որ դա արտաքին հարձակում է»,- հայտարարել է Բոլանյոսը։
Հիշեցնենք` Իսպանիայում բուռն բանավեճ սկսվեց, երբ ԶԼՄ-ները գրեցին, որ Կատալոնիայի անկախության ավելի քան 60 կողմնակիցներ կիբեռլրտեսության զոհ են դարձել իսրայելական «NSO Group»-ի մշակած «Pegasus» ծրագրի օգնությամբ: Նրանց թվում էր նաև Կատալոնիայի կառավարության ղեկավար Պերե Արագոնեսը։
Արդյունքում, ինքնավար համայնքի իշխանությունները բացատրություն պահանջեցին Իսպանիայի կառավարությունից և խոստացան ենթադրյալ լրտեսությանն ի պատասխան իրավաբանական գործողություններ ձեռնարկել։
Նախարարի՞ն էլ են լրտեսել. Խաչատուրյանը «Apple»–ից «Pegasus» ծրագրի մասին նամակ է ստացել