ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրաններում գիշերն անցկացրած ընդդիմության ներկայացուցիչներն արդեն սկսել են անհնազանդության ակցիաներ իրականացնել Երևանի տարբեր հատվածներում։ Մասնակիցներն աստիճանաբար փակում են քաղաքի տարբեր փողոցներ։

Անհնազանդության ակցիաներ Երևանում
© Sputnik / Hovhannes Shoghikyan
Ցուցարարների մի մասը, օրինակ, երթը սկսեց Կորյունի փողոցից, նրանք փակեցին Հերացի փողոցի թունելը։ Փակ են նաև Խանջյան և Նալբանդյան փողոցները։
Ցուցարարները 8։50-ի դրությամբ փակել են նաև Տիգրան Մեծ պողոտան և Մաշոտոցի պողոտայի և Պուշկին փողոցի խաչմերուկը։
Ոստիկաններն ուժի կիրառմամբ բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին։ Նրանք փորձում են բացել փողոցները։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Բողոքի ակցիաներն ու երթերը մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
«Դիմադրություն» շարժման անդամները նաև Հայաստանի 4 տարբեր մարզերից քայլերթեր սկսեցին դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկեց ապրիլի 25-ին` Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ մեկնարկեց նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը մեկնարկեց Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից։