ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ԱՄՆ-ն ուկրաինական ուժերին է փոխանցել նրանց հատկացված ամերիկյան հաուբիցների 80%–ը և առնվազն 170 զինվորական է վերապատրաստել դրանք կառավարելու համար: Տեղեկությունը լրագրողներին է հայտնել Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը:
«Ես կարող եմ հաստատել, որ М177 հաուբիցների 80%–ը փոխանցվել է ուկրաինացիներին»,-ասել է նա` պարզաբանելով, որ խոսքը նախատեսված 90 զենքից 70-ի մասին է։
Ուկրաինան ստացել է նաև հատկացված 140 հազար հատ 155 մմ-անոց հաուբիցի արկերի կեսը։
Նրա խոսքով՝ ավելի քան 170 ուկրաինացի զինվորական М177-երի հետ վարվելու ուսուցում է անցել, ևս 50 կուրսանտի ուսուցումը կավարտվի երկուշաբթի։
«Վաղը ևս 50 ուկրաինացիներ են ժամանելու մարզական օբյեկտներ, որպեսզի այս շաբաթ սկսեն վերապատրաստումը»,- ասել է պաշտոնյան։
Նա ավելացրել է, որ նախօրեին 20 ուկրաինացի զինվորական սկսել են Phoenix Ghost հետախուզական-հարվածային ԱԹՍ-ների ուսումնասիրության մեկշաբաթյա դասընթացը։
Պենտագոնի ներկայացուցիչը հայտնել է, որ վերջին մեկ օրում ԱՄՆ-ն ռազմական օգնության 14 ինքնաթիռ է ուղարկել Ուկրաինա, ևս 23 չվերթ կազմակերպվել է 5 այլ երկրների կողմից։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 68-րդ օրը։