Ուկրաինական ճգնաժամում ստանձնելով միջնորդի դեր` Թուրքիան ձգտում է մի կողմից բարձրացնել իր հեղինակությունն ամբողջ աշխարհում, և առաջին հերթին՝ ԱՄՆ–ի աչքերում, իսկ մյուս կողմից փորձում է լուծել կոնկրետ խնդիր` հիմնավորելով հակառուսական պատժամիջոցներին չմիանալու իր մոտեցումը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Ըստ նրա` Թուրքիան փորձում է Արևմուտքին և առաջին հերթին ԱՄՆ–ին ցույց տալ, որ ուկրաինական ճգնաժամի առթիվ իր դիրքորոշումը, կապված այն հարցի հետ, որ չի միանում հակառուսական պատժամիջոցներին` իր օդային տարածքը բաց պահելով ռուսական ինքնաթիռների համար, ունի հստակ հիմնավորում՝ Թուրքիան ռուս–ուկրաինական հակամարտությունում ստանձնել է միջնորդի դեր։
«ԱՄՆ–ի պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի այցի ժամանակ Թուրքիայի առջև շատ կոնկրետ խնդիր դրվեց, և նույնիսկ չի բացառվում, որ որոշակի ժամկետ սահմանվեց ամերիկացիների կողմից, որ եթե մինչ այդ ժամկետի ավարտը Թուրքիան կարողանա իր միջնորդական առաքելությամբ ինչ–որ արդյունքի հասնել, ապա նրա դիրքորշումը կլինի հիմնավորված, հակառակ դեպքում Թուրքիայի վրա ճնշումը կտրուկ կուժեղանա և նրան պարզապես կստիպեն հետևել ՆԱՏՕ–ի անդամ պետություններին և Արևմուտքի մեծ մասի երկրներին` միանալ հակառուսական պատժամիջոցներին»,– ասաց թուրքագետը։
Սաֆրաստյանի կարծիքով` Թուրքիայի դիրքորոշումն ունի երկակի նշանակություն. նրա համար միջնորդական դերակատարությունը կարևոր է այն առումով, որ Ռուսաստանից կախման մեջ է տնտեսական առումով, մանավանդ` զբոսաշրջության առումով, և եթե տվյալ ոլորտում զրկվի մեծ եկամուտներից, զգալի կորուստներ կկրի։ Ըստ նրա` Թուրքիայում նույնիսկ երկու ավիաընկերություն է ստեղծվում, որպեսզի նրանց միջոցով հնարավոր լինի շրջանցել ՌԴ–ի հետ թռիչքներ կատարելու արգելքը, հետևաբար Թուրքիան շարունակելու է միջնորդական առաքելությամբ բարձրացնել իր միջազգային հեղինակությունը և դրանով իսկ դիմակայել արևմտյան ճնշումներին։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում փետրվարի 24-ին սկսված հատուկ ռազմական գործողությունից հետո Թուրքիան անընդհատ փորձում է բանակցություններում միջնորդի դեր ստանձնել։ Անկարային երկու անգամ հաջողվել է ռուս-ուկրաինական հանդիպում կազմակերպել Թուրքիայում․ նախ Անթալիայում հանդիպել էին ՌԴ և Ուկրաինայի արտգործնախարարները, հետո Ստամբուլում մարտի 29-ին հանդիպեցին Բելառուսում բանակցող պատվիրակությունները։