ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամները, որոնք 1 շաբաթ առաջ ՀՀ տարբեր մարզերից երթ էին սկսել, հասել են Երևան։
Տիգրանաշենից եկողները արդեն մտել են մայրաքաղաքի Շենգավիթ համայնք, Իջևանի երթի մասնակիցներն անցնում են Թբիլիսյան խճուղով, նրանց առաջնորդում են մի քանի երեխաներ` Հայաստանի և Արցախի դրոշներով։ Սարդարապատի երթի անդամներն էլ ներկայում քայլում են Իսակովի պողոտայով։
Ճանապարհին երթերի մասնակիցները վանկարկում էին «Միացում, պայքար, հաղթանակ», «Ոստիկանը Նիկոլ չի», «Պայքար»։
Բոլոր հատվածներում էլ հնչում են հայրենասիրական երգեր, մասնավորապես` «Զարթիր, լաո» երգը։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք է հայտնել, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 17-ին ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։
Ընդդիմությունը ապրիլի 22-ից բողոքի բազմաթիվ ակցիաներ է անցկացրել մայրաքաղաքում, այսօր էլ հանրահավաք է հրավիրել ժամը 16-ին։
«Դիմադրություն» շարժման անդամները Հայաստանի 4 տարբեր մարզերից երթեր էին սկսել դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկել է ապրիլի 25-ին` Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ է մեկնարկել նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը սկիզբ է առել Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից։