ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, իր աջակցությունը հայտնել Արցախին և կարևորել բոլոր հայերի միասնականությունն ու նվիրվածությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ
© Photo : official site of the President of RA
Ըստ հաղորդագրության` Խաչատուրյանը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում երեկ տեղի ունեցած խորհրդակցությունը, որը նվիրված է եղել Արցախում իրականացվող ծրագրերի և առկա խնդիրների լուծման ուղիներին:
Հայաստանի և Արցախի նախագահներն անդրադարձել են ներքին և արտաքին քաղաքական հարցերին, արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին, Արցախի անվտանգ ու կայուն ապագային միտված ծրագրերին, Արցախի հայության իրավունքների պաշտպանությանը, անվտանգության խնդիրներին և մի շարք այլ հարցերին:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է և Արցախի ժողովուրդը, հետևապես այնպիսի բովանդակություն, որ բանակցվի և իրագործվի ծածուկ, ուղղակի անտրամաբանական է, և նման բան երևակայելն ուղղակի անհնար է: