Թուրքիայի ՌՕՈւ-ն չի մասնակցի ՆԱՏՕ-ի զորավարժություններին

General Dynamics F-16 Fighting Falcon ռմբակոծիչ
Հունաստանի ավիացիայի գլխավոր շտաբը չեղարկել է Թուրքիային ուղղված հրավերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Թուրքիայի ռազմաօդային ուժերը Աթենքի հետ տարաձայնությունների պատճառով հրաժարվել են մասնակցել Հունաստանում ՆԱՏՕ-ի Tiger Meet զորավարժություններին։ Տեղեկությունը հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրքական F-16 Fighting Falcon կործանիչները կմասնակցեն ՆԱՏՕ-ի զորավարժություններին, որոնք մայիսի 9-22-ը կանցկացվեն Հունաստանի «Արաքսոս» ավիաբազայում։ Հաղորդվել է նաև, որ Հունաստանի ավիացիայի գլխավոր շտաբը Թուրքիային ուղղված հրավերը չեղյալ է հայտարարել՝ թուրքական կործանիչների կողմից Հունաստանի օդային սահմանները մշտապես խախտելու և հունական կղզիների վրայով թռիչքներ կատարելու պատճառով:

«Յուրաքանչյուր զորավարժությունից առաջ ընդունող երկիրը միջոցառումների անցկացման մասին տեխնիկական համաձայնագիր է մշակում։ Պարզվել է, որ Հունաստանը, որը պատրաստել է այս տարվա տեխնիկական կանոնակարգը, քննարկվող փաստաթղթում Թուրքիայի դեմ ուղղված մոտեցմամբ լրացում է կատարել երկու երկրների միջև տարաձայնությունների վերաբերյալ: ՌՕՈւ-ի հրամանատարությունն անհապաղ միջոցներ է ձեռնարկել և պահանջել է փոփոխել տեխնիկական կանոնակարգը, որը հակասում է միջազգային իրավունքին։ Հունաստանը Թուրքիայի համառ պահանջները չի ընդունել»,- գրում է գործակալությունը։

Ըստ նույն աղբյուրի, որոշվել է զորավարժություններին չմասնակցել, քանի որ «Հունաստանը դրանք մանիպուլյացիայի առարկա է դարձրել՝ իր քաղաքական շահերին համապատասխան»։
«Որոշումն այն մասին, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը չեն մասնակցի զորավարժություններին, ուղարկվել է Հունաստանի իշխանություններին»,- հավելել է լրատվամիջոցը:
Հիշեցնենք` 2020 թվականի ամռանը Հունաստանն ու Թուրքիան երեք անգամ ռազմական հակամարտության եզրին հասան, Հունաստանի ԶՈւ-ն համընդհանուր զորահավաք սկսեց։ Պատճառն այն էր, որ Թուրքիան սեյսմահետախուզություն էր սկսել Միջերկրական ծովի արևելյան հատվածում, որը Հունաստանը համարում է բացառապես իրեն պատկանող տնտեսական գոտի։
Հունաստանի ԱԳ նախարարը քննադատել է Թուրքիային նոր կործանիչներ վաճառելու ամերիկյան ծրագիրը