Մեզ համար անընդունելի են միջանցքների վերաբերյալ հնչող արտահայտությունները. Իրանի դեսպան

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։
Հայաստանում Իրանի դեսպանն փոխանցել է, որ ՀՀ-ն պետք է պահպանի իր տարածքային ամբողջականությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Իրանի համար անընդունելի են հաղորդակցության ուղիների շուրջ միջանցքների վերաբերյալ հնչող արտահայտությունները։ Ինչպես հայտնում է Սյունիքի մարզպետարանը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին նման կարծիք է հայտնել Սյունիքում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ հանդիպման ժամանակ։
Ըստ հաղորդագրության` հանդիպմանը քննարկված հիմնական թեման Կապանում բացվելիք՝ Իրանի հյուպատոսությունն է եղել։ Հանդիպմանը մասնակցել են նաև Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալեքսանդր Մամիկոնյանը։
Դեսպանը հիշեցրել է Իրանի դիրքորոշումը ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության մասին և ասել, որ բոլոր երկրները պետք է դա հարգեն։

«Մեզ համար անընդունելի են հաղորդակցության ուղիների շուրջ միջանցքների վերաբերյալ հնչող արտահայտությունները, մենք կարծում ենք, որ ՀՀ-ն պետք է պահպանի իր տարածքային ամբողջականությունը»,- շեշտել է Զոհուրին։

Նա նշել է, որ չնայած մշակութային սերտ կապերին, տնտեսական հարաբերությունները երկու երկրների միջև ցանկալի բարձր մակարդակում չեն, ու պետք է ջանքեր ներդնել այդ ուղղությամբ։
Սյունիքի մարզպետն ու Կապան համայնքի ղեկավարը շնորհակալություն են հայտնել դեսպանին՝ «միջանցքի» վերաբերյալ Իրանի պաշտոնական դիրքորոշման համար։
Դեսպանն ասել է, որ առաջիկայում հյուպատոսության կազմը կներկայացնեն ՀՀ ԱԳՆ-ին։ Այցի ավարտին իրանցի հյուրերը Կապանում ապագա հյուպատոսության շենքի համար տարածքներ են դիտարկել։
2021 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Իրանի իշխանությունները նախատեսում են հյուպատոսություն բացել Սյունիքի մարզի Կապան համայնքում։ Դեկտեմբերի 29-ի նիստում Իրանի կառավարությունը հավանություն է տվել արտաքին գործերի նախարարության` Կապանում հյուպատոսություն բացելու առաջարկին:
Հիշեցնենք` ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը 2021 թվականի նոյեմբերի 30-ին հայտնել է` նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարությամբ ևս մեկ անգամ վերահաստատվում է 2021թ.-ի հունվարի 11-ի հայտարարությամբ արձանագրված` տարածաշրջանում տրանսպորտային բոլոր ուղիների ու տնտեսական կապերի ապաշրջափակման դրույթը, և հերթական անգամ հերքվում են «միջանցքի» կամ միջանցքային տրամաբանության մասին տարածվող քարոզչական թեզերը: