ՀՀ-ն և Արցախը փորձությունները կդիմագրավեն միասնականությամբ. կաթողիկոսը` Հարությունյանին

Գարեգին Երկրորդն ու Արայիկ Հարությունյանը
Արցախի նախագահը նշել է, որ հայ ժողովուրդը հերթական անգամ ճակատագրական ժամանակներ է ապրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Հայաստանի և Արցախի համար այս ծանր ու պատասխանատու ժամանակահատվածում առկա բոլոր դժվարություններն ու փորձությունները կդիմագրավվեն համազգային միասնականությամբ։ Արցախի նախագահի հետ հանդիպմանն ասել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը` հավելելով, որ Հարությունյանն այսօր այցելել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածին։

«Հանդիպմանն անդրադարձ է կատարվել արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին, 44-օրյա պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերին և անվտանգության խնդիրներին։ Երկուստեք մտահոգություն են արտահայտել Ադրբեջանի կողմից շարունակվող սադրիչ գործողությունների և հայատյաց քաղաքականության կապակցությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հարությունյանը կաթողիկոսին երախտագիտություն է հայտնել Արցախին մշտապես սատար կանգնելու համար՝ ընդգծելով, որ հերթական անգամ հայ ժողովուրդը, հատկապես՝ արցախահայությունը, ճակատագրական ժամանակներ է ապրում։
Կաթողիկոսը և ԱՀ նախագահը կարևորել են բարեկամ երկրների և միջազգային հանրության զորակցությունն Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանության գործում՝ անհրաժեշտ համարելով նաև աշխարհասփյուռ հայության հետևողական աջակցությունը։
Զրույցի ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային պատմական ժառանգության պահպանության խնդիրներին։