ՀՀ նախագահն ու Վրաստանի արտգործնախարարը կարևորել են կայունությունն ու խաղաղությունը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիին
ՀՀ նախագահն ու Վրաստանի արտգործնախարարը փաստել են, որ Սադախլո-Բագրատաշեն անցման կետում կառուցվող և «Բարեկամություն» անունը ստացած կամրջի շինարարությունն ընթանում է ակտիվ տեմպերով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիին։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«ՀՀ նախագահը և Վրաստանի արտգործնախարարը տարածաշրջանի զարգացման տեսանկյունից կարևորել են կայունությունն ու խաղաղությունը։ Նրանք նշել են, որ երկու երկրների միջև փոխվստահության, շարունակական երկխոսության և համագործակցության ամրապնդումը կնպաստի տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Վահագն Խաչատուրյան
Երկուստեք կարևորվել է տարբեր մակարդակի հանդիպումների ինտենսիվության պահպանումը։
Իլյա Դարչիաշվիլի
Զրուցակիցներն ուրախությամբ փաստել են, որ Սադախլո-Բագրատաշեն անցման կետում կառուցվող և «Բարեկամություն» անունը ստացած կամրջի շինարարությունն ընթանում է ակտիվ տեմպերով: Այս համատեքստում Վրաստանի ԱԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ ավանդական բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները Հայաստանի և Վրաստանի միջև նոր խթան կստանան և ավելի կզարգանան:
Հիշեցնենք, որ Վրաստանի արտգործնախարարը պաշտոնական այցով է Հայաստան ժամանել, հանդիպել է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։