ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Մայիսի 1-ին Արամ Խաչատրյան համերգասրահում առաջին անգամ տեղի կունենա թավջութակահար Նարեկ Հախնազարյանի և հայկական արմատներով ֆրանսիացի դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանի համատեղ կամերային համերգը:
Ծրագրի առաջին մասում կհնչեն Ժյուլ Մասնեի և Սեզար Ֆրանկի, երկրորդ մասում՝ Պյոտր Չայկովսկու և Դմիտրի Շոստակովիչի ստեղծագործությունները։
Հայաստանի վաստակավոր արտիստ, թավջութակահար Նարեկ Հախնազարյանի խոսքով՝ մշակույթը սահմաններ չպետք է ունենա։ Արևմուտքի երկրներում ռուս կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարման արգելքը երաժիշտը մշակութային նացիզմ է համարում։
«Չայկովսկին ռուս կոմպոզիտոր է, բայց նրա ստեղծագործությունները միայն Ռուսաստանինը չեն։ Դրանք համաշխարհային արժեք են․.. Իրականում մշակույթը պետք է հնարավորինս հեռու լինի քաղաքականությունից։ Մեր ծրագիրը հարգանքի տուրք է այն հանճարեղ կոմպոզիտորներին, որոնց ստեղծագործությունները մենք կատարելու ենք»,- ասաց Հախնազարյանը Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում։
Նարեկ Հախնազարյան
© Sputnik / Aram Nersesyan
Նա նշեց, որ այս համերգով ցանկանում է հարգանքի տուրք մատուցել ռուսական մշակույթին, որը, իր իսկ խոստովանությամբ, շատ է սիրում։
Ժան-Պոլ Գասպարյանն իր հերթին ընդգծեց, որ բացարձակ աբսուրդ է, երբ երաժիշտներին արգելում են կատարել ռուս կոմպոզիտորների ստեղծագործությունները։
Ժան Պոլ Գասպարյանն ու Նարեկ Հախնազարյանը
© Sputnik / Aram Nersesyan
«Ես ուրախությամբ համաձայնեցի մասնակցել այս համերգին նաև այն պատճառով, որ ֆրանս-ռուսական ծրագիր է»,- ասաց նա։
Հախնազարյանը լրագրողներին ցուցադրեց իր նոր գործիքը․ թավջութակը 5 ամիս առաջ պատրաստել է հայկական արմատներով բեռլինցի վարպետ Գաբրիել Ջեբրան Յակուբը։ Գործիքն անուն ունի` «Կոմիտաս», իսկ «ականջներից» մեկի վրա Հայաստանի զինանշանն է պատկերված։
Նարեկ Հախնազարյանի նոր գործիքը
© Sputnik / Aram Nersesyan
Ժան Պոլ Գասպարյանը (մորական կողմից սերբ է, հորական կողմից՝ հայ) ծնվել և մեծացել է Փարիզում, բայց իրեն շատ լավ է զգում Հայաստանում։ Վերջին կես տարում արդեն երրորդ անգամ է այստեղ գալիս։
Դաշնակահարը խոստովանում է, որ հորական կողմի ազգականներն իրեն համոզել են հայերեն սովորել։ Հուսով է` հետագայում կկարողանա հենց հայերենով հարցազրույց տալ։
Ժան Պոլ Գասպարյան
© Sputnik / Aram Nersesyan