Դո՛ւք զարթնեք, մեր լաոները էլ չեն զարթնելու. զոհվածների հարազատները կրկին ակցիա են անում

Զոհված զինծառայողների ակցիա
Զոհվածների հարազատները պահանջում են, որ դատախազությունը որոշի իրենց կարգավիճակի հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Զոհված զինծառայողների հարազատները կրկին հավաքվել են դատախազության առջև և չեն պատրաստվում հեռանալ, մինչև իրենց կարգավիճակի հարցը չլուծվի, և դատախազությունը որոշում չկայացնի։
Զոհված զինծառայողների ակցիա
Նրանք պահանջում են, որ իրենց զավակներին տուժածներ, իսկ իրենց էլ` տուժածների հարազատներ ճանաչեն։ Դատախազությունը հայտնել է` ծնողների միջնորդությունը բավարարվել է, և միջնորդությունն ուղարկվել է քրգործի վարույթն իրականացնող մարմնին։
Զոհված զինծառայողների ակցիա
Զոհված զինծառայողներից մեկի մայրն ասաց, որ եթե երթերի, ցույցերի նշանաբանը «Զարթնի՛ր, լաո»-ն է», ապա իրենց լաոներն այլևս չեն զարթնելու, հետ չեն գալու։

«Դո՛ւք զարթնեք, մեր լաոները էլ չեն զարթնելու, քանի որ թշնամին կոտորեց նրանց մեր ներքին թշնամու պատճառով։ Զարթնե՛ք և եկեք, կանգնե՛ք մեր կողքին»,- ասաց կինը։

Նշենք, որ որոշում կայացնելու ժամկետն օրենքով լրանում է մայիսի 2-ին, սակայն ծնողների խոսքով` իրենց խոստացել էին երեկ պատասխան տալ, ձգձգեցին, որպեսզի ոչ աշխատանքային օրերը մեջտեղ ընկնեն։
«Սա ծածկադմփոցի պահ է. մեզ ասում են` ուրբաթ կլինի պատասխանը, հետո էլ, թե՝ երկուշաբթի։ Պետք է մեզ այսօր պատասխան տան, չենք գնալու ոչ մի տեղ»,- ասաց զոհվածներից մեկի հայրը։
Զոհված զինծառայողների ակցիա
Հավելենք, որ ժամը 16։30-ին զոհվածների հարազատները կհավաքվեն Ազատության հրապարակում, որտեղից կշարժվեն դեպի կառավարություն, հետո դատախազություն` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ձերբակալությունը։
Հիշեցնենք` 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Նրանք դատախազին էին փոխանցել իրենց ստորագրություններով դիմում-պահանջը 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։
Ապրիլի 28-ին դատախազությունից ծնողներին հայտնել են, որ միջնորդությունն ուղարկվել է քրգործի վարույթն իրականացնող մարմնին։
Նշենք, որ ծնողների դիմումը վերաբերում է ՀՀ ՀՔԾ-ում 2020թ. նոյեմբերի 21-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով հարուցված քրգործին. քննության առարկա են պատերազմից առաջ և դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել են պատերազմի արդյունքի վրա։
Քրգործի նախաքննությունը հանձնված է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին։
Փաշինյանը որպես մեղադրյալ կներգրավվի՞ քրգործում, եթե դատախազը դիմումն ուղարկել է քննիչին