Արցախը երբեք որևէ կերպ չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Արտակ Բեգլարյան

Արտակ Բեգլարյան
Արցախի պետնախարարի խոսքով` միջազգային հանրությունը պետք է անվերապահորեն ճանաչի ցեղասպանական քաղաքականության հետևանքների ու գոյաբանական հետագա վտանգների պայմաններում Ադրբեջանի կազմում ապրելու անհնարինության սկզբունքը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Արցախի Հանրապետության իշխանության բոլոր թևերի ու բոլոր դերակատարների և ողջ ժողովրդի դիրքորոշումը միանշանակ ու անփոփոխելի է, որ Արցախը երբեք որևէ կերպ չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այս հայտարարությունն արել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
«Ավելին` մենք բոլորս պատրաստ ենք ցանկացած կարճաժամկետ ու երկարաժամկետ զրկանքների ու մարտահրավերների, սակայն մեր ընտրած ճանապարհից երբեք չենք շեղվելու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
Բեգլարյանի խոսքով` այս դիրքորոշումը մշտապես ներկայացվել ու ներկայացվում է և՛ միջազգային հանրության բոլոր դերակատարներին, և՛ ՀՀ իշխանություններին, և՛ հրապարակայնացվում է: Այդ ուղուց շեղում որևէ մեկը չի կարող թույլ տալ իրեն, իսկ հայության մեջ ով այլ կարծիք ունի, պարտավոր է պարզապես հարգել արցախահայության կամքն ու իրավունքը՝ որոշելու սեփական ճակատագիրն իր սեփական հայրենիքում:

«Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման իրավունքը գերակա է միջազգային իրավունքի բոլոր մնացած նորմերի ու աշխարհաքաղաքական շահերի հանդեպ: Իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը որևէ առնչություն չունի ինքնորոշման իրավունքի հետ, որն, ի դեպ, ընդունվում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությամբ հաստատված Մադրիդյան հայտնի սկզբունքներով, հետևաբար՝ միջազգային հանրության կողմից: Դրան ավելանում է նաև ցեղասպանական քաղաքականության հետևանքների ու գոյաբանական հետագա վտանգների պայմաններում Ադրբեջանի կազմում ապրելու անհնարինության սկզբունքը, որը ևս միջազգային հանրությունը պետք է ճանաչի անվերապահորեն, ինչպես արել է, օրինակ, Կոսովոյի պարագայում»,- նշել է Բեգլարյանը:

Նա շեշտել է` մեր ընտրած ուղին դժվար է ու երկար, սակայն արժեքահեն ու արդար, և ոչ ոք իրավունք չունի դավաճանելու մեր սուրբ նախնիների, հայրերի ու եղբայրների պայքարին ու թափած արյանը, ինչպես նաև քար գցելու հաջորդ սերունդների ճակատագրի վրա: