ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Հայաստանը դեմ չէ, որ Ադրբեջանի հետ սահմանների ճշգրտման գործընթացում քարտեզների ուսումնասիրություններ կատարվեն, բայց այդ աշխատանքը պիտի հիմնվի իրավական ուժ ունեցող քարտեզների վրա։ Այս հայտարարությունն արել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեկնաբանությունը։
Ալիևը երեկ հայտարարել է, թե Հայաստանի հետ սահմանների ճշգրտման գործընթացում հիմք կընդունեն 1918 թվականի և մինչև 1991թ. Խորհրդային Միության փլուզումը եղած բոլոր քարտեզները, և որ 1918-20 թվականների որոշ քարտեզներով Երևանը, Սյունիքը իբր Ադրբեջանի կազմում են:
«Մենք քարտեզների ուսումնասիրություններին դեմ չենք: Բայց ինչո՞ւ սահմանափակվել 20-րդ դարով: Կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարում Բաբելոնում ստեղծված կամ Հերոդոտոսի կողմից Քրիստոսից առաջ 5-րդ դարում ստեղծված կամ Ստրաբոնի կողմից Քրիստոսից առաջ 1-ին դարում ստեղծված կամ Կլավդիոս Պտղոմեոսի կողմից արդեն Քրիստոսից հետո 2-րդ դարում ստեղծված կամ նույն ժամանակահատվածում Պլինիոս Ավագի կողմից ստեղծված քարտեզներից և շարունակել հետագա ժամանակաշրջանների բազմաթիվ լատինական, բյուզանդական, արաբական և այլ աշխարհագրական նկարագրություններով և քարտեզներով: Հայաստանն ինքն իրեն այդ քարտեզներում չգտնելու մտավախություն չունի»,- ասել է Միրզոյանը` պատասխանելով «Արմենպրես» գործակալության հարցին:
Արտգործնախարարը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է սահմանազատման և սահմանային անվտանգության ապագա հանձնաժողովի արդյունավետ աշխատանքով։
«Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ այդ աշխատանքը պիտի հիմնվի երկու կողմից ընդունված, իրավական ուժ ունեցող քարտեզների վրա»,- եզրափակել է Միրզոյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանի արտգործնախարարությունը հարաբերությունների կարգավորման` 5 կետից բաղկացած առաջարկ է արել Հայաստանին և հայտարարել, թե պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքելու բանակցություններին, եթե պաշտոնական Երևանն ընդունի այդ 5 կետերը։
Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար ՀՀ-ն դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։
Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնեց, որ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, և կողմերը համաձայնության են եկել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ: