ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. «Նազանի» հայ կանանց ակումբի անդամները Երևանի Հանրապետության հրապարակի շատրվանների տարածքում լուռ ակցիա են իրականացնում։
Իրենց շապիկների վրա կանայք պաստառներ են փակցրել «Մենք մեր հայրենիքը թուրքին չենք հանձնելու», «Stop Նիկոլ», «Նիկոլը հանձնեց Հադրութը», «Stop թրքացմանը» և այլ գրառումներով։
Կանանց լուռ ակցիան Հանրապետության հրապարակում (29 ապրիլի, 2022թ)․ Երևան
© Sputnik / Asatur Yesayants
«Այստեղ հավաքվել են հայրենասեր հայուհիները, որոնք չեն ցանկանում, որպեսզի երկրում մնան ստոր դավաճանները, ովքեր սպասարկում են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը։ Մենք պահանջում ենք այս իշխանությունների շտապ հրաժարականը»,- նշեց «Նազանի» հայ կանանց ակումբի ղեկավար Աննա Հովները։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից տարբեր ակցիաներ են տեղի ունեցել Երևանում։ Ակցիաների մասնակիցները փակել էին Երևանի տարբեր փողոցներ, իրականացրել իրազեկման աշխատանքներ։ ՀՀԿ-ականներն ավտոերթ են իրականացրել, միառժամանակ փակել Մաշտոցի պողոտան։
Երեկոյան «Դիմադրություն» շարժումն իր բողոքի երթը սկսելու է Արամ Մանուկյանի արձանի մոտից, մեկ այլ երթ մեկնարկելու է Ազատության հրապարակից։