ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. Ապրիլի 26-ին Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում Արարատի մարզի բնակչուհի, 29-ամյա Սոնա Մնացականյանին (հղի) մահվան ելքով վրաերթի ենթարկած, Արարատի մարզի բնակիչ, 51-ամյա Արամ Նավասարդյանի խափանման միջոց է ընտրվել ստորագրություն բնակության վայրից չհեռանալը: Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Նման որոշում է կայացրել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործութունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը։
Հիշեցնենք` ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ոստիկանության ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը «Տոյոտա Պրադո» մեքենայով վրաերթի է ենթարկել հղի կնոջ։ Նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է։
Վարորդը դեպքից հետո թողել է պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է և մասնակցել կատարվող քննչական գործողություններին:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վրաերթի ենթարկվածը Սոնա Մնացականյանն է, որն աշխատում էր «Support Our Heroes-Armenia» («Աջակցենք մեր հերոսներին-Հայաստան») կազմակերպությունում:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) և 244-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը)։
Մահվան ելքով վրաերթի գործով ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել էր։