Շարքային Սանոյանի մահվան դեպքով քրգործ է հարուցվել զենքի հետ անզգույշ վարվելու հոդվածով

Շարքային Սանոյանը մահացել է հիվանդանոցի ճանապարհին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեում քրգործ է հարուցվել ժամկետային զինծառայող, 20-ամյա Սամվել Սանեյանի մահվան կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (Զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հարուցված քրեական գործի շրջանակում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանեյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ ապրիլի 28-ին` ժամը 19:20-ի սահմաններում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանոյանը (ծնվ. 2002թ.)։
Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Սանոյանը մահացել է: