«Միություն, պայքար, հաղթանակ». մեկնարկեց «Դիմադրության» հերթական երթը

Երթի ընթացքում հնչում է «Զարթի՛ր, լաո՛» երգը, մասնակիցները պարբերաբար վանկարկում են` «Առանց թուրքի Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան», «Պայքար»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Արամ Մանուկյանի արձանի մոտից մեկնարկեց «Դիմադրություն» շարժման հերթական երթը, որը կրում է «Միություն, պայքար, հաղթանակ» խորագիրը։
Երթի մասնակիցները քայլեցին Տիգրան Մեծ պողոտայով, հասան Խանջյան փողոց, ու այդպես շարժվելու են քաղաքի տարբեր փողոցներով։
«Մեր դիմադրության հաղթարշավի պայքարի երթը շարունակվում է»,- նշեց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Երթի մասնակիցները քայլում են «Զարթի՛ր, լաո՛» երգի հնչյունների ներքո և պարբերաբար վանկարկում են` «Առանց թուրքի Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան», «Պայքար»։
«Զարթնի՛ր, լաո՛» իրազեկման քայլերթը (29 ապրիլի, 2022թ). Երևան
Ակցիայի մասնակիցները ժամանակ առ ժամանակ նաև իրենց միանալու կոչեր են անում, իսկ մեքենաներով անցնող քաղաքացիներն ազդանշաններով իրենց աջակցությունն են հայտնում։
Այսօր վաղ առավոտից տարբեր ակցիաներ են տեղի ունեցել Երևանում։ Ակցիաների մասնակիցները փակել են Երևանի տարբեր փողոցներ, իրականացրել իրազեկման աշխատանքներ։ ՀՀԿ-ականներն էլ ավտոերթ էին կազմակերպել, միառժամանակ փակել Մաշտոցի պողոտան։
Մեկ այլ երթ էլ մեկնարկելու է Ազատության հրապարակից։
«Զարթնի՛ր, լաո՛» իրազեկման քայլերթը (29 ապրիլի, 2022թ). Երևան
Հիշեցնենք՝ արդեն մի քանի օր է` ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։ Ապրիլի 24-ին մայրաքաղաքում առանձին ակցիաներ իրականացրին «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, «5165» շարժումը։
Ապրիլի 28-ի առավոտյան մի խումբ երիտասարդներ շարունակեցին իրազեկման ակցիաները մայրաքաղաքի բուհերում։ Հանրապետության հրապարակում ակցիա էին ցանկացել անել «Ազատագրական շարժման» անդամները, սակայն նրանց մի մասին ոստիկանները գրեթե անմիջապես բերման էին ենթարկել` ձեռքներին Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարներ ունենալու համար։
Ապրիլի 29-ին բողոքի ակցիաները վերսկսվեցին։