Մահացել է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը` դեսպան Արմեն Սարգսյանը

Արմեն Սարգսյանը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է եղել Չինաստանում, Կորեայում, Վիետնամում, Սինգապուրում, Մոնղոլիայում ու Բուլղարիայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Մահացել է ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանի եղբայրը` ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը։
Տիգրան Սարգսյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։
«Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացավ իմ սիրելի եղբայրը՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը»,- գրել է նա։
Տիգրան Սարգսյանի գրառումը
Արմեն Սարգսյանը 64 տարեկան էր։
Ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը, սովորել Գերմանիայի Ջ. Մարշալի անվան անվտանգության հարցերի հետազոտությունների Եվրոպական կենտրոնի ռազմավարական հետազոտությունների և պաշտպանական տնտեսության քոլեջում, ավարտել Մեծ Բրիտանիայի Սենթ Ջոն համալսարանական քոլեջի դասընթացը։ Մասնակցել է Հարվարդի համալսարանի Ջ. Ֆ. Քենեդու անվան կառավարման դպրոցի սևծովյան անվտանգության ծրագրին։
1999-2002 թթ.-ին եղել է Չինաստանում, իսկ 2002-2008 թթ.-ին՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության՝ պաշտպանության հարցերով կցորդ։ 2008-ին նշանակվել է Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ Համատեղության կարգով եղել է նաև Կորեայում, Վիետնամում, Սինգապուրում, Մոնղոլիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ 2016թ.-ին նշանակվել է Բուլղարիայում ՀՀ դեսպան, 2020թ.-ին` ազատվել այդ պաշտոնից։