Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել

Քաղաքապետարանի աշխատակիցները կաշառք են ուզել Երևանի Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի բակում ինքնակամ կառուցված պատշգամբը չապամոնտաժելու և տույժ չկիրառելու համար։
Sputnik
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետն ու տարածքային երրորդ բաժնի պետը ձերբակալվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` պարզվել է, որ նրանք բնակչից 300 հազար դրամ կաշառք են պահանջել Երևանի Բաղրամյան պողոտայի 47 շենքի բակում մետաղական կոնստրուկցիաներով ինքնակամ կառուցված պատշգամբը չապամոնտաժելու, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ապօրինի տիրապետումից չազատելու և մինչև երկու միլիոն դրամի չափով վարչական տույժ չկիրառելու՝ ակնհայտ ապօրինի գործողությունների համար։
ԵՊՀ դասախոսին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար
Պայմանավորված օրը՝ ապրիլի 24-ին, ինչ-ինչ պատճառներով գործարքը չի կայացել, սակայն ձեռք է բերվել նոր պայմանավորվածություն, և քաղաքացին քաղաքապետարան է հրավիրվել ապրիլի 28-ին։
Այդ օրն էլ քաղաքապետարանի գլխավոր մասնագետը Երևանի Դեմիրճյան փողոցում, «Նիսան» մակնիշի իր ավտոմեքենայում քաղաքացուց 300 հազար դրամը ստանալուց անմիջապես հետո բերման է ենթարկվել քրեական ոստիկանություն։ Ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել և վերցվել է կաշառքի առարկա գումարը։
Հարուցվել է քրեական գործ, որը Հակակոռուպցիոն կոմիտե է ուղարկվել նախաքննություն կատարելու համար:
ԱԱԾ–ն կաշառք պահանջելու և ստանալու հերթական դեպքն է բացահայտել