ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է մարտական հենակետեր ու հանձնարարականներ տվել

Սուրեն Պապիկյանը ծանոթացել է մարտական հերթապահության պայմաններին, զրուցել դիրքապահ զինծառայողների հետ։
Sputnik
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եղել է հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է զորամասում ընթացող շինարարական և հիմնանորոգման աշխատանքներին, մոդուլային տիպի շինություններում զինծառայողների համար ստեղծված կենցաղային պայմաններին։
Պապիկյանը եղել է նաև սահմանագոտու մարտական հենակետերում, ծանոթացել մարտական հերթապահության պայմաններին, զրուցել դիրքապահ զինծառայողների հետ։ Պաշտպանության նախարարն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել մարտական դիրքերի ու ենթակառուցվածքների անվտանգության ապահովման և տեխնիկական հագեցման խնդիրներին, համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ տվել իրականացվող ամրաշինական և կահավորման աշխատանքները պատշաճ որակով և սեղմ ժամկետներում ավարտին հասցնելու վերաբերյալ։
Հիշեցնենք` Պապիկյանը երեկ այցելել էր երկրի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասեր։