Արցախից ծածուկ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցություններն անհնար են․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյան
Հայաստանի և Արցախի իշխանությունները մշտապես կոորդինացրել են իրենց գործողությունները՝ ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ դրանից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik․ Արցախից ծածուկ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունները անհնար և անտրամաբանական են։ Այս հայտարարությունն արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը։
ՀՀ վարչապետը ապրիլի 29-ին ընդունել է Արցախի Հանրապետությունից ժամանած պատվիրակությանը՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ:
Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ի և Արցախի իշխանությունները մշտապես կոորդինացրել են իրենց գործողությունները՝ ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ դրանից հետո։
«Կարևոր ենք համարել, որ Արցախի իշխանությունները լիարժեք տեղեկացված լինեն մեր ծրագրերի, անելիքների վերաբերյալ, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցությունների բովանդակությանը և ընթացքին, մարտահրավերներին և հնարավորություններին, այս սկզբունքը պահվել է միշտ և շարունակվելու է այդպես լինել», - ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է և Արցախի ժողովուրդը։
«Հետևաբար, այնպիսի բովանդակություն, որ բանակցվի և իրագործվի ծածուկ, ուղղակի անտրամաբանական է: Նման բան երևակայելը անհնար է: Սա է պատճառը, որ մենք մշտապես կապի մեջ ենք»,- ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ գլխավոր խնդիրն այն է, որ արցախցիներն ապրեն Արցախում, և Փաշինյանը մտադիր է հետևողականորեն հասնել անվտանգության ու խաղաղության կայուն երաշխիքների: