ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Երևանի Հյուսիսային պողոտայում ընդդիմադիր քաղաքացիները ակցիա–մոմավառություն են սկսել «Այսօր Արցախը, վաղը` քեզ» խորագրով։
«Այսօր Արցախը, վաղը' դու» ակցիա Հյուսիսային պողոտայում (29 ապրիլի, 2022թ)․ Երևան
© Sputnik / Asatur Yesayants
Նրանք Հյուսիսային պողոտայի գետնանցումներում փակցրել են «Կեղծ խաղաղությունը նոր եղեռն է. չթողնենք, որ կրկնվի», «Հայաստանի քայլող աղետ 2018-2022 թթ.` պատերազմ, երկրաշարժեր, քովիդ, երաշտ, հրդեհներ, վթարներ, աղքատություն, արտագաղթ», «Եթե հանձնեն Արցախը, կհանձնեն քեզ էլ, սա էլ Նիկոլի և Ալիևի խաղաղությունը», «Արցախն ու Հայաստանն իմն են» և այլ գրություններով պաստառներ։
Քաղաքացիները Հայաստանի ու Արցախի քարտեզն են բերել ու դրա վրա են մոմեր վառում։
«Այսօր Արցախը, վաղը` դու» ակցիայի մասնակիցները Հյուսիսային պողոտայում (29 ապրիլի, 2022թ)․ Երևան
© Sputnik / Asatur Yesayants
Ակցիայի մասնակիցներից մեկն էլ փուչիկներ բաց թողեց դեպի երկինք, որից ամրացված պաստառին գրված էր «Դավաճան» ։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք էր հայտնել, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 17-ին ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Արդեն մի քանի օր է` ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։ Ապրիլի 24-ին մայրաքաղաքում առանձին ակցիաներ իրականացրին «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, «5165» շարժումը։
Ապրիլի 28-ի առավոտյան մի խումբ երիտասարդներ շարունակեցին իրազեկման ակցիաները մայրաքաղաքի բուհերում։ Հանրապետության հրապարակում ակցիա էին ցանկացել անել «Ազատագրական շարժման» անդամները, սակայն նրանց մի մասին ոստիկանները գրեթե անմիջապես բերման էին ենթարկել` ձեռքներին Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարներ ունենալու համար։
Ապրիլի 29–ին բողոքի ակցիաները վերսկսվեցին։