ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Հայաստանում է, հայտնում է ՀՀ հակառուպցիոն կոմիտեն՝ անդրադառնալով լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերին։
Նշվում է, որ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում շրջանառվում են «ոչ հավաստի» լուրեր ու մեկնաբանություններն այն մասին, թե քրեական գործով մեղադրյալ Վլադիմիր Գասպարյանը բացակայում է Հայաստանի Հանրապետությունից։
«Նշված ապատեղեկատվության տարածումը կանխելու և այն ավելորդ շահարկումների թեմա չդարձնելու համար անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ Վլադիմիր Գասպարյանը գտնվում է Հայաստանում և ընդամենը օրեր առաջ անձամբ մասնակցել է իր վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակում կատարված քննչական և այլ դատավարական գործողություններին: Վերջինիս ելքը Հայաստանի Հանրապետությունից սահամանափակված է»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նախկին ոստիկանապետը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի գույքն օրինականացնելու մեջ: