ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Ուրուգվայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է անցկացվել։ Տեղեկությունը հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Միջոցառմանը ներկա են եղել Ուրուգվայի նախագահ Լուիս Լակայե Պոուն, բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ` նախարարներ, փոխնախարարներ, Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդը և այլք։
Ուրուգվայի խորհրդարանը և Ուրուգվայի հայկական խորհուրդը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառում են կազմակերպել։
Ուրուգվայի խորհրդարանի նախագահ Օբե Բասքեդը ելույթ է ունեցել և դատապարտել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի արարքը։
«Մենք համարում ենք, որ այդ ժեստը ոչ միայն հայերին, այլև Ուրուգվայի ժողովրդին ուղղված վիրավորանք էր»,- ասել է նա։
Հիշեցնենք` Չավուշօղլուն Ուրուգվայում ծաղրել էր Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ակցիայի հայազգի մասնակիցներին, որոնք իրենց բողոքն էին արտահայտում Թուրքիայի ժխտողական քաղաքականության ու թուրք նախարարի այցի դեմ։
Նա ավտոմեքենայի պատուհանից ցույց է տվել թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպությունը խորհրդանշող ժեստը, իսկ նրանք, ովքեր հավաքվել էին փողոցում` արտգործնախարարին ողջունելու, ի պատասխան ծափահարել են։