ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը հերթական հեռախոսազրույցն են ունեցել, որի ընթացքում Էրդողանը նշել է, որ Թուրքիան պատրաստ է նախաձեռնողականություն ստանձնել ՌԴ և Ուկրաինայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։ Այս մասին հայտնում են Թուրքիայի նախագահի աշխատակազմից, փոխանցում է թուրքական NTV-ն։
Էրդողանը հերթական անգամ նշել է՝ իրենք պատրաստ են միջնորդ լինել, որպեսզի խաղաղություն լինի ու Ստամբուլի բանակցությունների ձեռքբերումները մեծացնելով՝ կողմերը հասնեն կայուն հրադադարի։ Ըստ նրա՝ Թուրքիան շարունակելու է երկու հարևան երկրների միջև եղած ճգնաժամը հաղթահարելուն ուղղված իրենց ջանքերը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում փետրվարի 24-ին սկսված հատուկ ռազմական գործողությունից հետո Թուրքիան անընդհատ փորձում է բանակցություններում միջնորդի դեր ստանձնել։ Անկարային երկու անգամ հաջողվել է ռուս-ուկրաինական հանդիպում կազմակերպել Թուրքիայում․ նախ Անթալիայում հանդիպել էին ՌԴ և Ուկրաինայի արտգործնախարարները, հետո Ստամբուլում մարտի 29-ին հանդիպեցին Բելառուսում բանակցող պատվիրակությունները։