ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան Ռուսաստանի գեղասահորդներին Հայաստանի հավաքական հրավիրելու մտադրություն չունի։ Metaratings.ru–ի հետ զրույցում այս մասին ասել է ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը։
Միաժամանակ նա հայտնել է, որ 6-12 տարեկան երեխաները կկարողանան մասնակցել Հայաստանի բաց առաջնությանը, որը կանցկացվի 6-րդ տարին անընդմեջ: Նրա խոսքով ՝ ռուսական կողմն աջակցում է առաջնության կազմակերպմանը։
«Սա ոչ թե միջազգային, այլ ներքին մրցաշար է, և համապատասխանաբար այն չկա ISU օրացույցում»,- ասել է Ստեփանյանը:
Ֆեդերացիայի ղեկավարը նաև նշել է, որ իրենք աջակցել են, որպեսզի Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիային թույլ տան մասնակցել Չմշկավազորդների միջազգային միության (ISU) կոնգրեսին։
«Մենք նամակ էինք ստացել ISU-ից, որում գրված էր` արդյոք ցանկանում ենք, որ ֆեդերացիան մասնակցի կոնգրեսին, մենք պատասխանել ենք` իհարկե, ցանկանում ենք։ Մենք միշտ աջակցել ենք Ռուսաստանին, մեր ժողովուրդը միշտ եղել է Ռուսաստանի կողքին»,- ասել է Ստեփանյանը։
Մարտի 1-ին Չմշկավազորդների միջազգային միությունը Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին հեռացրել է կազմակերպության հովանու ներքո անցկացվող բոլոր մրցումներից։
Ավելի վաղ Ռուսաստանի չմշկավազորդների ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Կոգանը հերքել էր լուրն այն մասին, որ ռուսաստանցի գեղասահորդները կմասնակցեն մայիսի 27-28-ը Երևանում անցկացվող մրցաշարին։