ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Գյումրու դրամատիկականի փոքր թատրոնում ապրիլի 27-ին կայացավ «Բոհեմ» ներկայացման առաջնախաղը: Չնայած երիտասարդ տարիքին` պիեսի հեղինակին` երիտասարդ դրամատուրգ Մարիա Ակոպովային, և բեմադրող ռեժիսոր Տաթև Ժաքյանին հաջողվեց գրավել գյումրեցի խստապահանջ հանդիսատեսի սիրտը։
Ներկայացման հիմքում 4 հայտնի կանանց` Էդիթ Պիաֆի, Կոկո Շանելի, Մարինա Ցվետաևայի և Ֆրիդա Կալոյի կյանքի պատմութունն է՝ համեմված փաստագրական ֆանտազիայի շնչով։
Տարբեր ճակատագրերով, տարբեր ժամանակներում ու տարբեր երկրներում ապրած այս կանանց միավորում է մեկ բան՝ չորսն էլ բոհեմական կյանքով են ապրել, բայց նաև զրկանքներ ու հիասթափություններ են ունեցել։
Թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ սա թատրոնի գեղեցիկ ավանդույթն է` հնարավորություն տալ երիտասարդներին։
«Ներկայացումը մեկ այլ առանձնահատկություն էլ ունի՝ բեմական նկարչից մինչև զգեստների ձևավորողը կանայք են։ Ի դեպ, առաջին անգամ է թատրոնը անդրադառնում փաստագրական ժանրին։ Եվ առաջին անգամ է, որ ներկայացման երեք օրերի տոմսերը սպառվել են»,- ասաց Հարությունյանը։
Նա խոստացավ, որ «Բոհեմը» այցեքարտային ներկայացում կդառնա թատրոնի համար: