ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածներից և անհետ կորածներից մի քանիսի ծնողներն ու հարազատները անցած գիշեր մնացել են ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում անհետ կորած Ռաֆայել Օվսեյանի հարազատ Արսեն Ղուկասյանը նշեց, որ իրենք մնալու են այնքան, մինչև Հակակոռուպցիոն կոմիտեից (զբաղվում է քննչական գործառույթներով) ստանան իրենց պահանջի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատերազմի գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշման պատասխանը։
«Մենք մնալու ենք այստեղ, մինչև չպատասխանեն մեզ, մնում ենք, որովհետև պետք է մեզ անընդհատ տեսնեն։ Իրենք 5-օրյա ժամկետում չպետք է մեզ որևէ բան ասեն, այլ ավելի շուտ, դրա համար էլ այստեղ ենք»,- նշեց Ղուկասյանը։
Անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց
© Sputnik / Aram Nersesyan
Հարցին, թե կոմիտեից բավարարող պատասխան չստանալու դեպքում ի՞նչ են պատրաստվում անել, անհետ կորածի հարազատը շեշտեց` այլ քայլեր կձեռնարկենք, բայց փակագծերը չբացեց։
Ներկա պահին դատախազության մոտ գիշերած ծնողների ու հարազատների մի մասը տուն է գնացել, սակայն ժամը 14։00-ին նրանք կրկին վերադառնալու են։
Հիշեցնենք` Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հայրերը ապրիլի 27-ին հայտնել էին, որ մտադիր են վրան տեղադրել ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ և այնտեղ սպասել վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատերազմի գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշմանը։