ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու սահմանափակումները հանվում են։ Նման որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստում։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ հաշվի առնելով ՀՀ–ում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի կայունացումը` որոշել են գործող սահմանափակումները մեղմացնել։
Ուժը կորցրած է ճանաչվել օդային և ցամաքային սահմանային անցման կետերով ՀՀ մուտք գործելիս ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ արագ թեստի 24 ժամ վաղեմության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը:
«Վերջին 14 օրվա ընթացքում Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի ընդամենը 144 դեպք։ Ավելին, 14 օրերին ընթացքում մենք կորոնավիրուսի հետևանքով 1 մահվան դեպք ենք ունեցել։ Ուստի որոշել ենք, որ ՀՀ մուտք գործելիս որևէ պահանջ կորոնավիրուսի հետ առնչվող չի գործելու»,–ասաց Ավանեսյանը։
Նրա խոսքով` ՔԿՀ–ներում կամ զինված ուժերում նույնպես բոլոր սահմանափակումները հանվել են։
Նախարարը հայտնեց նաև, որ ՀՀ քաղաքացիների 50 տոկոսն արդեն իսկ առաջին դեղաչափը ստացել է, իսկ ամբողջապես պատվաստված է 44.1 տոկոսը։
Վերացվել է նաև դպրոցներում, մանկապարտեզներում ու այլ վայրերում միջոցառումների ժամանակ 1,5 մետր հեռավորություն պահպանելու արգելքը, նաև աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը:
Հիշեցնենք` 2020թ.-ի մարտի 16-ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11-ը, երբ երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
2020թ.-ի սեպտեմբերի 10-ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12-ից մինչև 2021թ.-ի հունվարի 11-ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվեց մինչև 2021թ.-ի հուլիսի 11-ը։ Հուլիսի 9-ին որոշվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.-ի դեկտեմբերի 20-ը։ Նոյեմբերի 11-ի որոշմամբ էլ կարանտինը երկարաձգվեց մինչև 2022-ի հունիսի 20-ը։