Խերսոնի կենտրոնում հզոր պայթյուններ են որոտացել

Պայթյունները եղել են Խերսոնի հեռուստաաշտարակի տարածքում, որը սակայն չի տուժել։ Հրթիռների բեկորներն ընկել են Շևչենկոյի այգի։
Sputnik
Խերսոնի կենտրոնում՝ հեռուստաաշտարակի մոտ, մի քանի հզոր պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ուկրաինական զորքերի տեղակայման ուղղությունից «Տոչկա-Ու»–ի երեք հրթիռներ են արձակվել Խերսոնի կենտրոնի ուղղությամբ, որոնցից երկուսը ոչնչացվել են», - հաղորդել է գործակալության աղբյուրը։
Հրթիռի բեկորներն ընկել են նաև Շևչենկոյի այգի։ Զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան։
Խերսոնի հեռուստաաշտարակը, որի տարածքում որոտացել են պայթյունները, դեռ կանգուն է։ Հեռուստակենտրոնը չի տուժել, իսկ աշտարակի վրա տեսանելի վնասվածքներ չկան։
Պայթյուններից հետո հեռարձակումը դադարեցվել է, սակայն կես ժամ անց վերսկսվել է։
ՌԻԱ Նովոստիի թղթակիցը ենթադրել է, որ հրթիռներն ուղղվել են Նիկոլաևի մարզից, որը վերահսկում են ուկրաինական զորքերը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 64-րդ օրը։