Երիտասարդները ԵՊԲՀ-ի մոտ կարճ ժամանակով փակեցին Աբովյան փողոցը. կան բերման ենթարկվածներ

«Միացեք». երիտասարդները Երևանի բուհերում իրազեկման ակցիաներ են անցկացնում (26 ապրիլի, 2022թ). Երևան. Արխիվային լուսանկար
Ակցիայի մասնակիցները Աբովյան փողոցը կարճ ժամանակով փակեցին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Երևանի բուհերում իրազեկման ակցիաներ իրականացնող երիտասարդներից մի քանիսին Երևանի պետական բժշկական համալսարանի մոտից ոստիկանները բերման ենթարկեցին։
Ակցիայի մասնակիցներն Աբովյան փողոցում վառեցին գունավոր ծխագլաններ և նստեցին փողոցի երթևեկելի հատվածում։
Ոստիկաններն անմիջապես աղջիկներին տեղափոխեցին դեպի մայթ, իսկ մի քանի տղայի նստեցրեցին ոստիկանական ավտոմեքենա։
Ակցիայի մասնակից ուսանողներն ու երիտասարդները սկսեցին վանկարկել` «Ուսանո՛ղ, զարթնի՛ր», «Պայքար»։
Նշենք, որ վաղ առավոտից երիտասարդները վերսկսել են Երևանի բուհերում իրազեկման ակցիաներ իրականացնել, որպեսզի ««հանուն Արցախի ճակատագրի ոտքի ելնի ողջ երիտասարդությունը»։ Ապրիլի 28-ին մեկնարկը տրվել է Հյուսիսային համալսարանից, որտեղ նրանց դուրս հրավիրեցին շենքից և թույլ չտվեցին Արցախի դրոշը տեղադրել, սակայն, այնուամենայնիվ, համալսարանից քիչ հեռու սյան վրա տեղադրեցին դրոշն ու հեռացան։
Աղոթք, ծեծ, հսկայական դրոշ․ ինչպես անցան ընդդիմության երեք երթերը
Երիտասարդներն ակցիան շարունակեցին նաև ՀՀ ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի, այնուհետև Հայաստանի պետական Մանկավարժական համալսարանի շենքերի մոտ, որտեղ Արցախի դրոշներ տեղադրելուց հետո շարունակեցին ճանապարհը դեպի Բժշկական համալսարան։
Հիշեցնենք` ապրիլի 27-ի առավոտյան երիտասարդները ակցիան սկսեցին Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մոտ քոչարի պարելով։ Հանրապետության հրապարակում «Ազատագրական շարժման» անդամները ցանկանում էին ախտահանել ՀՀ կառավարության շենքը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այնուհետև երիտասարդները իրազեկման ակցիա էին անում Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում, որից հետո փակեցին Թումանյան փողոցը։ ՀՀԿ-ական երիտասարդներն էլ փակել էին Մյասնիկյան և Ազատության պողոտաները։