Երևանում 39 ցուցարարի են բերման ենթարկել ոստիկանության բաժիններ

Բերման ենթարկվածների թվում կան «Հայրենիք» կուսակցության անդամներ, ինչպես նաև Արթուր Վանեցյանի որդին` Արտյոմ Վանեցյանն, ու նրա ընկերները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Բողոքի տարբեր ակցիաներից այսօր ողջ օրվա ընթացքում բերման է ենթարկվել 39 ակտիվիստ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։
Նրանք բոլորն անցնում են Վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ` ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու հոդվածով։
Սոցիալական կայքերում տարածված տեղեկությունների համաձայն` ոստիկանության բաժիններ բերման ենթարկվածների թվում են «Հայրենիք» կուսակցության անդամներ, ինչպես նաև Արթուր Վանեցյանի որդին` Արտյոմ Վանեցյանը, Արսեն Նիկողոսյանն ու նրանց շուրջ 2 տասնյակ ընկերները:

«Դիմադրություն» ընդդիմադիր շարժման երիտասարդական թևն առավոտից իրազեկման ակցիա էր իրականացնում՝ մայրաքաղաքի բուհերի դիմաց փակցնելով Արցախի դրոշները։ Շարժումն իր այսօրվա ակցիան մեկնարկել է «Հյուսիսային» համալսարանից` երթով։

Միաժամանակ, Հանրապետության հրապարակում ակցիա էին անցկացնում ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի գլխավորած «Ազատագրական շարժման» ներկայացուցիչներ։
Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը «Stop Նիկոլ» խորագրով երթ է սկսել Երևանում` Ավետիք Իսահակյանի արձանի մոտից։
Արդեն մի քանի օր է` ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։
Երեկ մայրաքաղաքում առանձին ակցիաներ են իրականացրել «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, «5165» շարժումը։
Ապրիլի 28-ի առավոտյան էլ մի խումբ երիտասարդներ շարունակել են իրազեկման ակցիաները մայրաքաղաքի բուհերում։