Արթուր Վանեցյանն ու նրա համակիրները նստեցին կառավարության շենքի դիմաց

Ակցիան տևեց մի քանի րոպե, որից հետո մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Հայաստանի ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ու նրա համախոհները երթով հասնելով Հանրապետության հրապարակ, մի քանի րոպե նստեցին կառավարության շենքի դիմաց և սկսեցին վանկարկել «Հեռացե՛ք»։

«Դուք երևի կարծում եք, որ մենք ուզում ենք բռնի ուժով գրավել կառավարության շենքը, բայց իրականում իրենք (իշխանությունները,-խմբ.) կապիտուլյացիա են ստորագրելու ժողովրդի առաջ։ Եվ մենք կունենանք առանց թուրքի Հայաստան»,- ասաց Վանեցյանը։

Ակցիայի մասնակիցները մի քանի րոպե նստեցին կառավարության շենքի դիմաց ու դարձյալ երթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ։
Հիշեցնենք` ապրիլի 17-ին Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։ Նույն օրվանից նստացույց են անում նաև «Սև հովազ» ջոկատի անդամները։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Արդեն մի քանի օր է` ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։ Երեկ մայրաքաղաքում առանձին ակցիաներ են իրականացրել «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, «5165» շարժումը։
Ապրիլի 28-ի առավոտյան մի խումբ երիտասարդներ շարունակել են իրազեկման ակցիաները մայրաքաղաքի բուհերում։ Հանրապետության հրապարակում ակցիա էին ցանկացել անել «Ազատագրական շարժման» անդամները, սակայն նրանց մի մասին ոստիկանները գրեթե անմիջապես բերման էին ենթարկել` ձեռքներին Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարներ ունենալու համար։