Արթուր Վանեցյանի կողմնակիցների և ոստիկանների միջև բախում տեղի ունեցավ

Միջադեպը տեղի ունեցավ երթից հետո։ Ընդդիմադիրները ոստիկանությանը մեղադրում են սադրանքների և խուլիգանական վարքագծի մեջ։
Sputnik
ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կողմնակիցների և ոստիկանների միջև այսօր բախում եղավ։ Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Վանեցյանի կազմակերպած այսօրվա երթն ավարտվել էր, և նրա կողմնակիցները ցրվում էին։
Այդ ժամանակ հանկարծ բղավոցներ լսվեցին, սկսվեց հրմշտոց։
Վանեցյանի խոսքով՝ ծեծկռտուքը հավանաբար սկսվել է այն պատճառով, որ ոստիկանը հարվածել է երթի մասնակցին։

«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը պատմեց, որ ակցիայի ավարտին վիճաբանություն է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։ Հակոբյանի խոսքով՝ ոստիկանները փորձել են ծեծել ցուցարարներին։

Նա իրավապահներին մեղադրեց խուլիգանության մեջ և ընդգծեց, որ իրենք գործելու են բացառապես օրենքով և օրինական միջոցներով էլ հասնելու են իշխանափոխության։
Հիշեցնենք` ապրիլի 17-ին Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։ Նույն օրվանից նստացույց են անում նաև «Սև հովազ» ջոկատի անդամները։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Արդեն մի քանի օր է` ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։ Երեկ մայրաքաղաքում առանձին ակցիաներ են իրականացրել «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, «5165» շարժումը։
Ապրիլի 28-ի առավոտյան մի խումբ երիտասարդներ շարունակել են իրազեկման ակցիաները մայրաքաղաքի բուհերում։ Հանրապետության հրապարակում ակցիա էին ցանկացել անել «Ազատագրական շարժման» անդամները, սակայն նրանց մի մասին ոստիկանները գրեթե անմիջապես բերման էին ենթարկել` ձեռքներին Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարներ ունենալու համար։