ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Ապարանից մեկնարկեց ընդդիմության երրորդ երթը։ Մինչ երթի մեկնարկը ընդդիմադիրները ծաղկեպսակ դրեցին զորավար Դրաստամատ Կանայանի (Դրո) շիրմին, այնուհետև հայ քահանաների օրհնությունը ստացան։
«Քանի Հայաստանը հզոր պետություն չէ, չի կարող այս տարածաշրջանում խաղաղ ապրել»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Քայլերթը մեկնարկեց հենց Դրաստամատ Կանայանի գերեզմանի մոտից։ Խաչատրյանը նշեց` այնտեղից քայլերթը մեկնարկելը խորհրդանշում է, որ իրենք տեր են Դրոյի, Մոնթեի, Թաթուլ Կրպեյանի, Լեոնիդ Ազգալդյանի թողած ժառանգությանը։ Նա հավելեց` պետք է թույլ չտան, որ դրսի թշնամիներն ու նրանց ներսի համախոհները երկիրը դեպի կործանում տանեն։
Հիշեցնենք` արդեն մի քանի օր է՝ ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։
Ապրիլի 27-ի առավոտը բացվեց Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների քոչարիով։ Հանրապետության հրապարակում «Ազատագրական շարժման» անդամները ցանկանում էին ախտահանել ՀՀ կառավարության շենքը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այնուհետև երիտասարդները իրազեկման ակցիա էին անում Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում, որից հետո փակեցին Թումանյան փողոցը։ ՀՀԿ-ական երիտասարդներն էլ փակել էին Մյասնիկյան և Ազատության պողոտաները։
Բերման է ենթարկվել 52 մարդ։