Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրգործերը միացվել են

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վլադիմիր Գասպարյանն օրինականացրել (լվացել) է ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի, իսկ Արշակ Հակոբյանը` 230 մլն դրամի գույք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա անվտանգության պետի պարտականությունները կատարած Արշակ Հակոբյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Նախաքննությամբ պարզվել է, որ Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված՝ ընդհանուր ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի գույք:
Բավարար ապացույցներ են ձեռք բերվել նաև Արշակ Հակոբյանի կողմից կոռուպցիոն բնույթի հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ:
Մասնավորապես` Հակոբյանի կողմից օրինականացվել է շուրջ 230 մլն ՀՀ դրամի գույք:

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացում), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացում կամ վատնում), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք), 315-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութություն) և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):

Արշակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացում) և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական կեղծիք):
Նախաքննության ընթացքում Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում:
Առողջություն եմ մաղթում ինձ համար անհանգստացողներին և չարախնդացողներին. Վլադիմիր Գասպարյան
Վարույթն իրականացնող մարմինը՝ համարելով, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, հիշյալ անձանց մասով քրեական գործի նախաքննությունն ավարտել է և այդ մասին հայտնել դատավարության մասնակիցներին` պարզաբանելով քրեական գործի նյութերին ծանոթանալու նրանց իրավունքը: