ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. «Ազատագրական շարժումը» Երևանում ակցիա է իրականացնում «Ո՛չ այլասերմանը» խորագրով։ Նրանք հակագազով և ախտահանիչ նյութերով փորձում են մոտենալ կառավարության շենքին։
«Ազատագրական շարժումը» Երևանում ակցիա է իրականացնում «Ո՛չ այլասերմանը» խորագրով
© Sputnik / Lilit Demuryan
«Ուզում ենք ախտահանել կառավարության շենքն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,- ասաց շարժման անդամ Վահագն Չախալյանը։
«Ազատագրական շարժումը» Երևանում ակցիա է իրականացնում «Ո՛չ այլասերմանը» խորագրով
© Sputnik / Lilit Demuryan
Նշենք, որ ոստիկանները պատ են կազմել և ակցիայի մասնակիցներին թույլ չեն տալիս փողոցն անցնել ու մոտենալ կառավարության շենքին։ Այս պահին իրավիճակը լարված է, քանի որ ոստիկանները սկսել են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։
Ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին
© Sputnik / Andranik Ghazaryan
Ազատագրական շարժման անդամ Արա Զոհրաբյանը հայտնեց, որ այսօր 18։30-ին Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ են հավաքվելու։
«Մեր հայրենակիցներին կոչ ենք անում միանալ մեզ` իրենց հետ բերելով բոլոր այլասերման նյութերը (որպեսզի դրանք գցեն աղբարկղը), այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գիրքը»,- ասաց Զոհրաբյանը` հավելելով, որ իրենց հետ բերված տարաների մեջ իրականում ոչ թե ախտահանիչ նյութեր էին, այլ մաքուր ջուր։
Նա հավելեց, որ ոստիկանների գործողություններն ապօրինի էին, քանի որ իրենք խաղաղ ակցիա էին անում։
Արա Զոհրաբյան
© Sputnik / Andranik Ghazaryan
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը ապրիլի 22-ին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Արդեն մի քանի օր է՝ ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։ Ապրիլի 26-ին հատկապես ակտիվ էին երիտասարդները։ Նրանց ակցիան ապրիլի 26-ին մեկնարկեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ, որտեղ Արցախի դրոշ տեղադրեցին, այնուհետև Արցախի մեծ դրոշը պարզած՝ շարժվեցին դեպի Երևանի պետական համալսարան, հետո հասան ՀՀ կառավարության շենքի մոտ և որոշեցին նվեր հանձնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն ոստիկանները սկսեցին ուժ գործադրել ու հեռացնել նրանց այդտեղից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 10 հոգու տեղափոխել են ոստիկանություն։
ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները փողոցներ փակեցին, իսկ 44-օրյա պատերազմում զոհված զինվորականների ծնողներն ու հարազատները երթի դուրս եկան։