Գյումրին և Երևանը կմրցեն․ բացվեցին ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի երեք նոր լսարաններ

Ստեղծվել է մի միջավայր, որտեղ և՛ դասախոսները, և՛ ուսանողները լիարժեք հնարավորություն ունեն կրթություն ստանալու, ասել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Գյումրու մասնաճյուղի երեք նոր լսարանների բացման արարողությանը, տեղեկացնում է նախագահի լրատվականը։
Նոր լսարանները ստեղծված են նորարարության, ստարտափներ ձևավորելու համար։
Խաչատուրյանը, որը նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահն է, ասել է, որ այն սպասելիքները, որոնք կային ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղից, գերազանցվել են։
«Ստեղծվել է մի միջավայր, որտեղ և՛ դասախոսները, և՛ ուսանողները իսկապես լիարժեք հնարավորություն ունեն կրթություն ստանալու։ Կարելի է ասել, որ այսօր Գյումրու և Երևանի համանուն մասնաճյուղերի միջև մրցակցություն է ձևավորվում»,- ասել է նախագահը։
Նախագահն ընդգծել է, որ մեր երկրի զարգացման համար այլ ճանապարհ չկա, քան կրթություն ստանալն ու գիտություն զարգացնելն է։
«Մենք նավթ, գազ չենք ունենալու, և պետք է կարողանանք գիտելիքը լիարժեք օգտագործենք։ Այս առումով խնդրում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր պատասխանատու են կրթության ապահովման համար, իրենց ուժն ու եռանդը չխնայեն երիտասարդ սերնդին բարձրորակ կրթություն տալու համար։ Այն, ինչ կախված է պետությունից, կառավարությունից՝ հավատացե՛ք, ամեն ինչ արվել է և արվելու է։ Շատ բաներ կախված են նաև ձեր նախաձեռնություններից»,- նշել է նախագահ Խաչատուրյանը։
Նա բոլորին մաղթել է նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի երեք նոր լսարանների բացման արարողությանը (27 ապրիլի, 2022թ)․ Գյումրի