ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հայտարարել է Բուլղարիա և Լեհաստան գազի մատակարարումն ամբողջությամբ դադարեցնելու մասին։
«Գազպրոմը» ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը Bulgargaz-ին (Բուլղարիա) և PGNiG-ին (Լեհաստան)՝ ռուբլով չվճարելու պատճառով»,- հայտնել է «Գազպրոմի» Telegram ալիքը։
Ընկերությունը հավելել է, որ «Գազպրոմ Էքսպորտը» ապրիլի 26-ի դրությամբ այդ ընկերություններից ապրիլին մատակարարված գազի դիմաց վճարումներ չի ստացել։
«Գազպրոմը» նաև հիշեցրել է, որ Բուլղարիան և Լեհաստանը տարանցիկ երկրներ են, ուստի «երրորդ երկրներ տարանցման ծավալներից ռուսական գազի չարտոնված դուրսբերման դեպքում տարանցիկ մատակարարումները կկրճատվեն համարժեք ծավալով»։
Օրեր առաջ Բուլղարիայի էներգետիկայի նախարարությունը հայտնել էր, որ «Գազպրոմը» տեղեկացրել է Bulgargaz-ին ապրիլի 27-ից գազի մատակարարումը դադարեցնելու մասին։ Մինչ այդ նաև հայտարարվել էր, որ լեհական PGNiG ընկերությունը հրաժարվել է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելուց։
Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ռուբլով է կատարելու ոչ բարեկամական երկրներին գազ մատակարարելու հաշվարկները: Նա ԿԲ-ին և կառավարությանը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում հստակեցնել Եվրոպայի հետ ռուբլով գործարքներ իրականացնելու կարգը։
Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի գազ մատակարարել այն ծավալներով և գներով, որոնք արձանագրված են ավելի վաղ կնքված պայմանագրերում, քանի որ երկրի համար կարևոր է սեփական հեղինակությունը: