ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը Լոռու մարզի Ալավերդի քաղաքում Դեբեդ գետն ընկած 2 տարեկան Արևիկին փրկած քաղաքացուն` Ժիրայր Պողոսյանին, արիության, խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում քաղաքացիական պարտքը կատարելու համար պարգևատրել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նախարարը Ժիրայր Պողոսյանին ներկայացրել է ԱԻՆ-ում Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողության ժամանակ։
«Շատ խորհրդանշական եմ համարում հենց այս արարողության ժամանակ պարգևատրելը: Այստեղ են ՃԿՊԱ ուսանողները, որոնք ավարտում են Ակադեմիան և, հնարավոր է` ընտրեն փրկարարի մասնագիտությունը: Սա վառ օրինակ է, թե ինչպիսին պետք է լինի փրկարարը, ինչպիսի գիտակցում պետք է ունենա մարդը, որպեսզի կարողանա ցուցաբերել նման վարքագիծ»,- նշել է Փամբուխչյանը։
Ճանապարհային շինարարությամբ զբաղվող Ժիրայր Պողոսյանը չի բացառել, որ գուցե ապագայում համալրի փրկարար ծառայողների շարքերը: Հիմա մի բան է անհանգստացնում՝ երեխայի առողջական վիճակը:
«Գնացել եմ երեխային օգնելու նպատակով: Միակ բանը, որ մտածում էի, նրան փրկելն էր: Երբ արդեն գրկումս էր, ձեռքերս դողում էին։ Թե ինչպես եմ մեքենա վարել, չգիտեմ: Պարտք էր, որ կատարեցի: Հիմա միայն երեխայից լավ լուրի եմ սպասում. այսօր կամ վաղն անպայման կայցելեմ նրան»,- ասել է նա։
Նշենք, որ Պողոսյանը նաև դրամական պարգևի է արժանացել։
Հիշեցնենք` ԱԻՆ-ը հայտնել էր, որ ապրիլի 25-ին Դեբեդ գետը երեխա է ընկել։ Այնուհետև պարզվեց, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի մի բնակիչ փրկել է աղջկա կյանքը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 2 տարեկան ամյա աղջնակին գետն է նետել հարազատ մայրը։
Դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) հատկանիշերով հարուցվել է քրեական գործ, փոքրիկի մայրը ձերբակալվել է։
Երեխան այս պահին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում է։ Կա դրական դինամիկա, և նրա կյանքին վտանգ չի սպառնում: