Սոցցանցային կեղծ էջով ներկայանում են որպես հին ծանոթ, բարեկամ ու գումար շորթում

Իրավապահները խորհուրդ են տալիս քաղաքացիներին մինչև գումար փոխանցելը կապվել տվյալ մարդու հետ՝ պարզել, նա՞ է գումար խնդրում, թե՞ նրա անվան տակ թաքնված խարդախը։
Sputnik
Այսօր Հայաստանում խարդախությունների մեծ մասը կատարվում է համացանցի միջոցով։ Վերջերս ի հայտ է եկել խարդախության նոր մեխանիզմ, որով սոցցանցերում ստեղծում են կեղծ էջեր, ներկայանում են օգտատերերից մեկին որպես հին ծանոթ կամ վաղեմի բարեկամ, որից հետո ներկայացնում են մի իրավիճակ, երբ շտապ անհրաժեշտ է մինչև 30 հազար դրամ գումար։ Երբ քաղաքացին համաձայնում է, նրան տալիս են էլեկտրոնային դրամապանակի հաշվեհամարը:
«Հիմնականում թիրախ են ընտրվում արտերկրում ապրող քաղաքացիները, որոնց համար դժվար է ստուգել գումար խնդրողի ասածների իսկությունը»,- նշում են ոստիկանությունից։
Իրավապահները խորհուրդ են տալիս մինչև գումար փոխանցելը կապվել մտերիմի, մանկության ընկերոջ հետ՝ պարզելու նա՞ է գումար խնդրում, թե՞ նրա անվան տակ թաքնված խարդախը։