ՌԴ օդատիեզերական ուժերը 33 ռազմական օբյեկտ են խոցել. ՌԴ ՊՆ-ն՝ հատուկ գործողության մասին

Հատուկ գործողության ընթացքում արդեն Ուկրաինայի զինված ուժերի ավելի քան 2,4 հազար միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա է ոչնչացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան խոցել է ուկրաինական 33 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ հակառակորդի կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 23 շրջան։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Հարվածների արդյունքում ոչնչացվել է մինչև 200 ազգայնական և ավելի քան 40 միավոր զրահատեխնիկա, հրետանային զենքեր և ավտոմեքենաներ։ Բացի այդ, ոչնչացվել է մեկ «Բուկ-Մ1» զենիթահրթիռային համալիր Սլավյանսկի շրջանում և զինամթերքի ու վառելիքի 3 պահեստ Վոլնոյե Պոլե և Չերվոննոյե բնակավայրերի շրջաններում»,- նշել Է գեներալը:

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ հրթիռային զորքերն ու հրետանին մեկ օրում խոցել են ուկրաինական 97 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ կենդանի ուժի կենտրոնացման 81 շրջան:
«Հրթիռային զորքերն ու հրետանին օրվա ընթացքում կատարել են 100 կրակային առաջադրանք։ Խոցվել է ուկրաինական զորքերի կառավարման հինգ կետ, հակառակորդի կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 81 շրջան, ինչպես նաև ութ հրետանային մարտկոց»,- ասել է Կոնաշենկովը:
Նա հստակեցրել է, որ ոչնչացվել է համազարկային կրակի ռեակտիվ համակարգի երկու կայանք Բերյոզովկա բնակավայրի շրջանում, ինչպես նաև մեկ «Բուկ-Մ1» զենիթահրթիռային համալիր՝ Կոմար բնակավայրի շրջանում:
Արևմուտքը Կիևին դրդում է շարունակել մարտական գործողությունները. Լավրով
Բացի այդ, ռուսական ՀՕՊ համակարգերը մեկ օրում ուկրաինական զորքերի 6 ԱԹՍ են խոցել Բրաժկովկա, Կոլեսնիկովկա, Կոմիսարովկա, Կոզինկա, Լոզովայա և Լենինա բնակավայրերի շրջաններում:
Կոնաշենկովի խոսքով՝ հատուկ գործողության ընթացքում արդեն ավելի քան 2,4 հազար միավոր ուկրաինական հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա է ոչնչացվել:

«Ռազմական հատուկ գործողության սկսվելուց ի վեր ոչնչացվել է 141 ինքնաթիռ, 110 ուղղաթիռ, 589 անօդաչու թռչող սարք, 272 զենիթային հրթիռային համալիր, 2588 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 292 կայանք, դաշտային հրետանու 1124 հրանոթ և ականանետ, ինչպես նաև 2403 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա»,- ասել է գեներալը:

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 62-րդ օրը։