Գնել են անորակ ու թանկ վրաններ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈւ 5 պաշտոնյաների

Պաշտոնատար անձանց գործողություններն առաջացրել են նյութական ծանր հետևանքներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈւ համապատասխան պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և առանց մրցույթի մեկ անձից գնել են որակական պահանջներին չհամապատասխանող և բարձր արժեքով վրաններ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։
Մասնավորապես պարզվել է, որ 2021թ. օգոստոսի 20-ին ֆիզիկական անձ հանդիսացող Կ. Ռ.-ի հետ կնքվել է «ՈՒՍՏ-56» տեսակի 6 հատ վրանի գնման վերաբերյալ 4.820.000 ՀՀ դրամ արժեքով պայմանագիր:
Բացի այդ, պարզվել է, որ պաշտոնատար անձինք 2021թ. մայիսի 22-ին ՍՊԸ-ից ընդունել են 261-հատ վրան՝ առանց դրանց որակական հատկանիշների փաստացի ստուգում իրականացնելու, իսկ հունիսի 22-ին ՍՊԸ-ի հետ կնքել են 261-հատ վրանների գնման վերաբերյալ ընդհանուր 7.605.000 ՀՀ դրամ արժեքով պայմանագիր:
Վերոնշյալ գործողություններն առաջացրել են նյութական ծանր հետևանքներ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա 2021թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ ԶՈւ ԳՇ թիկունքի վարչության իրային ծառայության պետ, գնդապետ Ա.Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը), N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, հետագայում ՀՀ ՊՆ տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարի թիկունքի գծով տեղակալի պաշտոնն զբաղեցրած գնդապետ Ա.Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը) և 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ակնհայտ հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելը կամ իրացնելը):
Ծակքարի նախկին ղեկավարը մոտ 14 մլն դրամի չարաշահում է արել. պատճառված վնասը վերականգնվել է
Նշված անձինք ազատվել են զբաղեցրած պաշտոններից, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը) մեղադրանք է առաջադրվել նաև նույն զորամասի իրային ծառայության պետ Տ.Պ.-ին: ՀՀ քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելը կամ իրացնելը), մեղադրանքներ են առաջադրվել նաև համապատասխանաբար Կ.Ռ.-ին և Է.Կ-ին: Նշված երեք անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2022թ. մարտի 23-ի որոշմամբ մերժել էր Ա.Թ.-ի նկատմամբ կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը:
Քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել Առաջին ատյանի դատարան վերոնշյալ որոշման դեմ, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ապրիլի 22-ի որոշմամբ բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է։