Երևանի տարբեր մասերում բողոքի ակցիա անողներից 10-ին ոստիկանություն են տարել

Ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին
Ակցիայի մասնակիցներին բաժանմունքներ են տարել ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հոդվածի հատկանիշներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Երևանի տարբեր հատվածներում բողոքի և իրազեկման ակցիաներ իրականացնող անձանցից 10-ը բերման են ենթարկվել ոստիկանություն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Վերջիններս ոստիկանություն են տարվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով` ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու պատճառաբանությամբ։

Այսօր մայրաքաղաքում ակցիաներ են արել «Երիտասարդի ձայնը» քաղաքացիական ակումբի, ինչպես նաև «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների անդամները։
«Պարզապես խաղաղ, չափազանց կարճ ցույց անելու համար 14։25-ից բերման են ենթարկվել ՀՅԴ երիտասարդ, խիզախ անդամներ: Ասեմ ավելին` այս պահին ոստիկանները փորձում են ցույցը դիտարկել խուլիգանություն: Ցույցը` խուլիգանություն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից «Երիտասարդի ձայնը» քաղաքացիական ակումբի անդամները «Միացե՛ք» վանկարկումներով իրազեկման ակցիաներ էին սկսել ու կոչ էին անում ուսանողներին համախմբվել և պայքարել հանուն Արցախի և Հայաստանի։ Ակցիայի մասնակիցները երթով շարժվել էին Երևանի տարբեր բուհեր, հետո հասել ՀՀ կառավարության շենքի մոտ և որոշել էին նվեր հանձնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն ոստիկանները սկսել էին ուժ գործադրել ու հեռացնել նրանց այդտեղից։