Ձերբակալվել է հղի կնոջը վրաերթի ենթարկած ոստիկանը. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Վարորդը դեպքից հետո թողել է պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամեր անց դեպքի վայր է վերադարձել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Մահվան ելքով վրաերթի գործով ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` ներկայացնելով աղմկահարույց դեպքի մանրամասները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ հղի կին է վրաերթի ենթարկվել, որը հիվանդանոցում մահացել է։ Սոցցանցերում լուրեր են պտտվում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենան է վրաերթի ենթարկել կնոջը։

«Նախնական տվյալներով` ապրիլի 26-ին, ժամը 18:05-ի սահմաններում, Երևանի վերոնշյալ փողոցների խաչմերուկում ոստիկանության ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը «Տոյոտա Պրադո» մեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն։ Վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է»,- գրված է ՔԿ–ի հաղորդագրությունում։

Վարորդը դեպքից հետո թողել է պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է դեպքի վայր և մասնակցել կատարվող քննչական գործողություններին:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) և 244-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը)։