Աղբը չթույլատրված տեղերում թափելու համար սահմանված տուգանքները փաստացի այդքան էլ չեն կիրառվում, ուստի կրկին փորձ է արվում օրենսդրական փոփոխություններ անել, որպեսզի վերահսկողությունը լինի ավելի հստակ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՏԿԵՆ կապիտալ ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանը։
«Աշխատանքներ են իրականացվում նաև տեսչական մարմինների ու ոստիկանության հետ, որպեսզի նրանց միջոցով տույժ ու տուգանքները լիարժեքորեն կիրառվեն, և այդ դեպքում գուցե հնարավոր լինի կանխել աղբի համատարած թափումը ոչ սահմանված վայրերում»,- ասաց նա։
Ավետյանի խոսքով` աղբահանության հետ կապված միջոցառումները պետք է լինեն բազմակողմանի` և՛ ինստիտուցիոնալ, և՛ օրենսդրական առումով, ինչպես նաև շատ կարևոր է անմիջական աշխատանքը բնակիչների հետ։
«Անցյալ տարի հաստատվել են աղբահանության ոլորտի ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը` կազմված 36 միջոցառումներից, որոնք թույլ են տալիս իրավական, օրենսդրական և ինստիտուցիոնալ հենք ստեղծել աղբի պատշաճ հավաքման, տեղափոխման ու վերամշակման համար»,- նշեց վարչության պետը։
Այդուհանդերձ, ըստ նրա, բավական շատ աշխատանք պետք է կատարվի հատկապես քաղաքացիների հետ, որովհետև, որքան էլ իրավասու մարմինները փորձեն օրենսդրությունն ու ինստիտուցիոնալ համակարգը բարելավել, միևնույն է, յուրաքանչյուր մարդ պետք է ինքը գիտակցի, որ չպետք է աղտոտի շրջապատը, որտեղ մեծանում են հենց իրենց երեխաները։ Ըստ նրա` խնդիրը շատ բարդ է, մանավանդ որ հիմա ցանկացած վայրում կարելի է տեսնել, թե ինչպես է թափվում աղբը։
Անդրադառնալով շինհրապարակներում առկա վիճակին` Ավետյանն ընդգծեց, որ արդեն իսկ մշակվել են շինարարական աղբի հավաքման, պահման, տեղափոխման ու վնասազերծման պահանջները։
«Որքան էլ փորձենք գնալ և տեղում վերահսկել, ցանկալի արդյունք չի լինի, եթե չլինեն օրենսդրությամբ սահմանված լիազորություններ։ Այդ իսկ պատճառով էլ մշակվել են համապատասխան նորմեր։ Հիմա ակնկալում ենք «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի հաստատումը, ինչից հետո վերոհիշյալ նորմերը կառավարության որոշմամբ նույնպես կհաստատվեն։ Դրա համար պարզապես անհրաժեշտ էր իրականացնել օրենսդրական փոփոխություններ»,- ասաց Ավետյանը։
Խոսելով կոշտ թափոնների վերամշակման հեռանկարների մասին` նա նշեց, որ օրենսդրության մեջ ներառվել են խթանիչ միջոցառումներ և՛ տնտեսվարողների, և՛ քաղաքացիների համար, որպեսզի կարողանան աղբը տեսակավորել, նաև վերամշակել, հետևաբար արվում են համապատասխան քայլեր, որպեսզի օրենսդրական դաշտում աջակցությունն այդ ուղղությամբ նույնպես ապահովվի, և լինի որոշակի արդյունք։
Նշենք, որ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը հասանելի է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Հիշեցնենք` աղբամուղերից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից, աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև աղբավայրերից դուրս աղբ թափելու համար սահմանված է տուգանք` ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ քառասնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով: