ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. Ռուսական զորքերը մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով ոչնչացրել են երկաթուղային կայանների 6 ենթակայան։ Ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով ոչնչացվել են վեց քարշային ենթակայան Կրասնոյե, Զդոլբունով, Ժմերինկա, Բերդիչև, Կովել ու Կորոստեն երկաթուղային կայարաններում», - ասել է Կոնաշենկովը:
Նրա խոսքով՝ այդ կետերի միջոցով իրականացվում է Դոնբասում ուկրաինական զորքերի խմբավորման համար արտասահմանյան սպառազինության ու ռազմական տեխնիկայի մատակարարումը:
Գեներալը նշել է, որ ռուսական հրթիռային զորքերը 15 հարված են հասցրել։ Խոցվել են «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրի մեկնարկային դիրքը, կառավարման երեք կետ, հրետանային մարտկոց և կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի կենտրոնացման 10 շրջան:
«Ոչնչացվել է անձնակազմի մինչև 40 անդամ և ուկրաինական զրահատեխնիկայի ու ռազմական մեքենաների 17 միավոր», - ավելացրել է նա:
Բացի այդ, Ռուսաստանի ՌՕՈւ ստորաբաժանումները խոցել են ուկրաինական զորքերի վառելիքի ևս երկու պահեստ։
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական ու բանակային ավիացիան օրվա ընթացքում խոցել է Ուկրաինայի 82 ռազմական օբյեկտ։ Նրանց թվում են չորս հրամանատարական կետեր, հակառակորդի կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի կենտրոնացման 76 շրջան, ինչպես նաև վառելիքի երկու պահեստ», - ասել է Կոնաշենկովը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 61-րդ օրը։