Մոսկվայում ձերբակալված նեոնացիստները, հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովից բացի, քննարկել են «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի, նույն գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, «Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակվող «60 րոպե» ծրագրի հաղորդավարներ Օլգա Սկաբեևայի և Եվգենի Պոպովի, ինչպես նաև ռեժիսոր Տիգրան Քեոսայանի սպանության հնարավորությունը: Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը՝ հրապարակելով նախապատրաստվող մահափորձի վերաբերյալ քրեական գործի շրջանակում ձերբակալվածներից մեկի ցուցմունքների տեսանյութը։
Այսօր ԱԴԾ-ն հայտնել էր, որ Ռուսաստանում արգելված «National Socialism/White Power» («Նացիոնալ սոցիալիզմ/Սպիտակ ուժ») նեոնացիստական ահաբեկչական կազմակերպության անդամներ են ձերբակալվել (ՌԴ քաղաքացիներ)։ Նրանք Ուկրաինայի անվտանգության ծառայության հանձնարարությամբ ծրագրել էին սպանել Սոլովյովին։ Հանցավոր խմբի անդամները խոստովանական ցուցմունքներ են տվել սպանության նախապատրաստման մասին։ Սպանությունից հետո նրանք պատրաստվում էին թաքնվել արտասահմանում:
Խուզարկությունների ընթացքում ձերբակալվածների մոտ հայտնաբերել են ինքնաշեն պայթուցիկ սարք, «Մոլոտով կոկտեյլ» տեսակի ութ հրկիզիչ սարք, «Մակարով» տեսակի 6 ատրճանակ, որսորդական կարճ հրացան, ՌԳԴ-5 նռնակ, տարբեր տրամաչափի ավելի քան հազար փամփուշտ, թմրանյութեր, ուկրաինական կեղծ անձնագրեր՝ խմբի անդամների լուսանկարներով։