Մենք միանում ենք Կանադայի և ողջ աշխարհի հայերին. Ջասթին Թրյուդո

Ջասթին Թրյուդոն Ծիծեռնակաբերդում. Արխիվային լուսանկար
Կանադան Հայոց Ցեղասպանությունը ճանաչել է 2015 թվականին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել, տեղեկանում ենք Կանադայի վարչապետի կայքից։
«Այսօր մենք միանում ենք Կանադայի և ողջ աշխարհի հայերին՝ ոգեկոչելու մարդկության պատմության ամենամութ գլուխներից մեկի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Մենք նաև պատվում ենք նրանց ժառանգներին, այդ թվում և հայկական ծագում ունեցող կանադացիներին, ովքեր նպաստել են և շարունակում են օգնել ձևավորելու այն ուժեղ, բազմազան և ներառական երկիրը, որը վայելում ենք այսօր։
1915-1923 թվականներին իրականացված կոտորածներն ու դրա հետևանքով սարսափելի մեծ թվով կորսված կյանքերը երբեք չպետք է մոռացության մատնվեն։ 2015 թվականին, այս ողբերգությունից մեկ դար անց, խորհրդարանն ընդունեց բանաձև, որով ապրիլի 24-ը ճանաչվում էր Հայոց ցեղասպանության հիշատակի օր։ Օր, որը այդ պահից ի վեր ծառայեց՝ հիշելու այս կոտորածների պատճառած կորուստն ու ցավը և վստահեցնելու, որ դրանք այլևս երբեք չեն կրկնվի»,-մասնավորապես նշված է ուղերձում։
Թրյուդոն շեշտել է՝ ատելությունն ու բռնությունը երբեք չպետք է անտարբերության մատնվեն։
Հիշեցնենք՝ Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը՝ 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։